20/10/2017 16:53
Լեհաստանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուն աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանը. Նալբանդյան
Հայաստանն այս տարի հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություն է նշում` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակը, Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է մեր երկու բարեկամ պետությունների միջև: Անցած դարերի ընթացքում հայերը հանդիսացել են Լեհաստանի արժանի քաղաքացիներ՝ որպես տաղանդավոր պետական ու ռազմական գործիչներ, գիտնականներ, արվեստաբաններ: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված լեհահայությանը՝ ցուցահանդեսներ, համերգներ, գիտաժողովներ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նախագահական պալատում հատուկ ընդունելություն է կազմակերպել այս կապակցությամբ»,- նշեց նա:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր բարձրաստիճան փոխայցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության և ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրներին հաջողվել է կայուն հիմք կառուցել՝ հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման համար թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում:
«Մենք մեծ ներուժ ունենք տնտեսական ոլորտում, ինչի լիարժեք օգտագործման համար հատկապես կարևոր են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական նիստը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին»,- ասաց Է. Նալբանդյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում զարգացել է համագործակցությունն ապակենտրոնացված, գիտակրթական, մշակութային բնագավառներում։
«Մենք համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում։ Այս համատեքստում ցանկանում եմ շնորհավորել Լեհաստանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանը»,- ավելացրեց Է. Նալբանդյանը։