20/10/2017 18:21
Թեղուտի հարցում նախարարը պատրաստ չէ որևէ մեկի կողմը պահելու, որովհետև չունի լրացուցիչ տեղեկություն
Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունն» իր կայքում հրապարակել է հաղորդագրություն այն մասին, որ «PensionDenmark» մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։
«Իհարկե, մտահոգիչ է, որ դանիական ընկերությունը դադարեցնում է Թեղուտի շահագործման համար տրամադրվող միջոցները»,-ասում է ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, թե նույն խնդիրը կար Ամուլսարի դեպքում.
«Կար փորձագիտական եզրակացություն՝ արված շահագործողի կողմից, այնուհետև հայտնվեց ևս մեկ փորձագիտական եզրակացություն, և դրանք տարաբևեռ եզրակացություններ էին։ Թեղուտի պարագայում ևս խնդիրը նույնն է։ Մինչ այժմ ունեինք մի փորձագիտական եզրակացություն, որով ղեկավարվել էինք լիցենզիա տրամադրելիս և շահագործման ամբողջ ընթացքում, հիմա հայտնվեց երկրորդը»։
Նախարարը հիշեցնում է բնապահպանության նախարարության դիրքորոշումը Ամուլսարի հարցում, երբ փորձագիտական եզրակացություն տրամադրած երկու ընկերություններին էլ առաջարկվեց նստել դեմ-դիմաց և անցկացնել մասնագիտական քննարկում։
Ամուլսարի թեմայով, ըստ նախարարի, այդ հանդիպումը տեղի կունենա հունվարին.
«Երբ կլինի փորձագիտական խմբերի վերջնական եզրակացությունը, դրանից հետո որոշում կընդունենք։ Կարծում եմ, որ Թեղուտի դեպքում նույնը պետք է լինի։ Գուցե համադրենք, հակադրենք, հասկանանք իրականությունը»։
Նախարարն այս պահին պատրաստ չէ որևէ մեկի կողմը պահելու, որովհետև չունի լրացուցիչ տեղեկություն, բացի այն, ինչ կարդացել է լրատվամիջոցներում։