20/10/2017 15:21
Եթե կա սպանության անգամ 1 դեպք` պետությունը քայլեր պետք է ձեռնարկի. փաստաբանն՝ ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի մասին
Պետությունը պիտի լծակներ ունենա երեխային պաշտպանելու համար, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը։
Վերջինս ընդգծեց, որ օրենքով ոչ թե դրվում է ծնողական իրավունքներից զրկելու հարցը, այլ երեխային ժամանակավոր ծնողից բաժանելու հարցը:
«Պետությունը հստակ լծակներ ու միջամտության ձև պետք է ունենա երեխային ծնողներից բաժանելու համար և երեխային վերականգնողական կենտրոն տեղափոխելու` մինչև ընտանեկան բռնության հարցը լուծվի: Այս իմաստով այս օրենքը կոչել երեխային չպաշտպանող, ճիշտ չէ», - նշեց նա:
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանն էլ ընդգծեց, որ օրենքն անգամ ուշացած է: Փաստաբանը նկատեց, որ թեև կան գործող օրենքներ, որոնք կոչված են պաշտպանել բռնության ենթարկվածներին, բայց առաջարկվող օրենքն ավելի ամբողջական է, քանի որ այն նաև առաջարկում է մեխանիզմներ անձին տնտեսական և հոգեբական բռնությունից պաշտպանելու համար:
Նոնա Գալստյանը նաև անհամաձայնություն հայտնեց շրջանառվող այն տեսակետի հետ, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ նշված օրենքը այդքան էլ արդյունավետ չէ բռնությունների դեմ պայքարում:
«Մենք օրենքը ՀՀ-ի համար ենք ընդունում և պետք է ՀՀ-ի համար առկա վիճակը նայենք: Եթե կա սպանության անգամ 1 կամ 2 դեպք, դա արդեն հուշում է, որ պետությունը ընտանիքի անդամին ընտանիքում պաշտպանելու համար քայլեր պետք է կատարի», - նշեց փաստաբանը:
Քննարկմանը ներկա սահմանադրագետ Արտաշես Խալաթյանն էլ հակադարձեց՝ պնդելով,որ բռնությունների մասին ահազանգերի 8-10 տոկոսն է առնչվում ընտանեկան բռնություններին՝ հետևաբար դա չիկարող նոր օերնքի ստեղծման համար հիմք հանդիսանալ:
«Պետական ռեսուրսի տեսանկյունից չի կարելի յուրաքանչյուր մասնավոր դեպքին պետական կարգավորում տալ», - նշեց նա: