21/10/2017 15:04
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային շնորհվել է հավատարմագրում
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստում նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։
Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրել է փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:
Հանձնաժողովը հարցեր է ուղղել փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի է ունեցել դռնփակ քվեարկություն:
Հավատարմագրում ստանալուց հետո բուհը կսկսի իրագործել փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիրը՝ բարելավման ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնելով ՈԱԱԿ-ին։
Հավատարմագրումը շրջափուլային գործընթաց է, որի նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: