21/10/2017 10:40
Օսման Քավալան ոչ միայն հայերի բարեկամն էր, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը. Արագած Ախոյան
«Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայում «Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Օսման Քավալայի` ոստիկանության կողմից բերման ենթարկվելու և ոստիկանության հսկողության ներքո գտնվելու վերաբերյալ։
««Վերադարձ» հիմնադրամի գործընկեր, մի շարք մշակութային ձեռնարկների համախոհ, ճշմարիտ մտավորական Օսման Քավալան ոչ միայն հայերի և անիրավության մատնվող ժողովուրդների բարեկամն էր, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը:
Օսման Քավալայի հետ միասին հիմնադրամը նպատակ ուներ միացյալ ուժերով աշխատելու այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը և զարգացմանը:
Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի դեմ բացասական տրամադրված բոլոր շրջանակները, շնորհիվ Օսման Քավալայի գործունեության, սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Անատոլիայի բոլոր այն լավ կողմերը, որոնք անտեսանելիության ու մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր:
Հուսով ենք, որ արդարությունը կվերականգնվի, և Օսման Քավալայի դեմ կատարված այս արարքը պատճառ չի դառնա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում Թուրքիայի քաղաքացիների հետ արդարության հիմքի վրա աստիճանաբար ձևավորվող մշակութային երկխոսության ծիլերի քայքայմանը», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել է «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։
Նշենք, որ Օսման Քավալան ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում։
Քավալան Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ձեռնարկների կազմակերպիչն է եղել։ Նա եղել է նաև Հայաստանում։