21/10/2017 10:19
ԳՄ նիստին Ժնևի հանդիպման մասին չի խոսվել` «նախագահը թեման քըրթ փակեց». «Հրապարակ»
Այս շաբաթ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ:
Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար, սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են` 19-ի նիստը լինելու է:
«7։30-ին սկսված նիստը տևել է ընդամենը 15 րոպե, իսկ երբ տեսել են ՏԻՄ «պապկան» ձեռքին Ռուբիկ Թադևոսյանին, ներկաները հիասթափվել են «կյանքից»․ այդ 15 րոպեն էլ նվիրվել է ՏԻՄ ընտրություններին, թե որտեղ ում են պաշտպանելու, և որ 7-8 համայնքում ընտրություններն ազատ են թողնելու, որովհետև մի քանի ՀՀԿ-ականներ իրար դեմ են պայքարում։ Օրինակը բերվել է Վարդենիսի վրա:
Իսկ Ղարաբաղի ու ժնևյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց։
«Ոչ։ Նախագահը թեման քըրթ փակեց, ասաց` ինչ ասվել է, դա է»:
ԵՄ-ի հետ համաձայնագրի մասով նույնպե՞ս չի խոսվել։
«Ոչ, որքան քիչ խոսվի այդ մասին, այդքան` լավ. ամեն ինչ ասվել է ՄԱԿ-ի ամբիոնից»:
Ի դեպ, հենց նիստն ավարտվելու պահին նախագահին զեկուցվել է, որ սահմանում հայկական կողմը զոհ ունի»,- գրել է թերթը: