21/10/2017 11:53
Ստահոդ, անհիմն լուրեր են, շատ զայրացած եմ. Մալայանն՝ իր և Լևոն Ալթունյանի «լարված հարաբերությունների» մասին
«Մալայան ակնաբուժական կենտրոն»-ի սեփականատեր, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանն անհիմն է որակում լուրերն այն մասին, թե, իբր, իր և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հարաբերությունները լարվել են:
«Լրիվ հակառակն է, մեր հարաբերությունները լավ են եղել, հիմա` առավել ևս», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Մալայանն`անդրադառնալով մամուլում տարածված լուրերին:
«Մալայան ակնաբուժական կենտրոն»-ի սեփականատերը տարածված լուրը որակեց խայտառակ հնարք:
«Թե որն է այդ լուրը գրելու պատճառը` չեմ կարող ասել, դա ուղղակի ֆանտազիայի ժանրից է, իմ ու պարոն Ալթունյանի միջև բացարձակապես կոնֆլիկտ չի եղել, ես, բացի հարգանքից, բարձրագույն գնահատականից, նրա հասցեին ոչինչ չեմ կարող ասել», - մեզ հետ զրույցում ասաց Ա. Մալայանը:
Ալեքսանդր Մալայանն ասաց, որ որևէ անգամ ոչ մի լրատվամիջոցի հրապարակմանը չի արձագանքել, երբևէ հարցազրույցներ չի տվել, բայց այս անգամ պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:
«Շատ զայրացած եմ, պատրաստվում եմ պաշտոնապես հերքել այդ ստահոդ լուրը: Ես 13-14 նախարարների հետ աշխատել եմ, երբևէ հարաբերությունների աղավաղում չի եղել», - նշեց նա:
«Մալայան ակնաբուժական կենտրոն»-ի սեփականատիրոջ խոսքով` ինքը և Լևոն Ալթունյանը շատ լավ համագործակցում են և վերջերս էլ նախարարը նրա պարտականությունների կատարումը դրական է գնահատել:
«Վերջերս մենք շատ մեծ միջոռացում անցկացրինք, որում կար նաև պարոն Ալթունյանի աջակցությունը, չգիտեմ ինչ ասեմ, ես չեմ ուզում որևէ մեկի հասցեին վիրավորական խոսքեր ասել, բայց, կարծում եմ, արդեն պետք է ասել, որովհետև հաճախ չափն անցնում են»,-ավելացրեց Ալեքսանդր Մալայանը: