23/10/2017 11:30
Առաջարկվում է ոստիկանությանը թույլատրել հաշվառել և վարել ԴՆԹ քարտադարաններ
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ոստիկանությանը թույլատրել հաշվառել և վարել ԴՆԹ քարտադարաններ, խորհրդարանում օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը։
«Մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլևս բավարար չէ ծանր և առանձնապես ծանր հանգացործություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել, իսկ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել», - ասաց Վարդան Եղիազարյանը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց հստակեցնել, թե ո՞րն է լինելու այն նպատակը, որին հասնելու միակ ճանապարհը ԴՆԹ բնութագրերի հաշվառման իրականացումն է։
«Պետք է հստակ ձևակերպել նպատակը, որ անձնական տվյալների պաշտպանության հետ հակասություն չլինի», - նշեց Կորյուն Նահապետյանը։
Ի պատասխան հարցով հիմնական զեկուցող Վարդան Եղիազարյանն ասաց, որ առաջարկվող փոփոխություններում որոշակի ճշգրտումներ և լրամշակումներ կլինեն, ինչը թույլ կտա խուսափել անձնական տվյալների պաշտպանությունը խախտելուց։
Հանձնաժողովը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը, որը կընդգրկվի վաղը մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։