23/10/2017 12:47
Հայկական բանակը «ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակում գնումները պետք է տեղական արտադրողից կատարի. Էդմոն Մարուքյան
«Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցությունն առաջարկեց օրենքում նոր հոդված ավելացնել ՀՀ գործող հայկական արտադրողներից կատարվող գնումների տարեկան աճի վերաբերյալ։
«Մենք ասում ենք հետևյալը, որ հայկական բանակը նաև նույն ազգ-բանակ կոնցեպտի շրջանակում իր գնումները պետք է տեղական արտադրողից կատարի՝ զարգացնելով նաև մեր տնտեսությունը։ Մենք առաջարկում ենք ամեն տարի բյուջեի գնումներում նախորդ տարվա բյուջեի գնումների համեմատությամբ 2 տոկս աճ գրանցել տեղական արտադրողներից գնումների մասով։ Պետք է նաև օրենքով հստակ պարտավորություն սահմանվի», - ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ լրացումը նպատակահարմար չէ։
«Սպառազինությունները գնալով ավելի շատ տեսակարար կշիռ են կազմում գնումների մեջ։ Մենք մշատպես գին-որակ-արդյունավետություն և սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյուքնների հասնելու քաղաքականություն ենք տանում։ Դա չի նշանակում, որ տեղական արտադրողների և հատկապես տեղական ռազմարդյունաբերության և ռազմական գիտության առաջընթացով ՊՆ-ն հետաքրքրված չէ։ Օրեր առաջ նախարարությունը հյուրընկալեց ԱԺ պատագմավորներին և ներկայացրեց ոլորտի զարգացման տեսլականն ու ծրագիրը։ Մեր ակնկալիքով՝ տեղական արտադրողներից ձեռքբերվող միջոցների քանակն աճելու է, բայց օրենքով դա ֆիքսելը կնշանակեր ոչ արդյունավետ դաշտի ստեղծում, որը կարող էր ազդել դաշտի վրա», - նշեց նախարարը։
«Ելք»-ի առաջարկությանը կողմ քվեարկեց 2 հոգի, դեմ՝ 3։ Արդյունքում առաջարկը չընդգրկվեց օրենքի նախագծում։