23/10/2017 15:56
Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ
Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել դեսպանին հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Ամենայն Հայոց Հայրապետը Մոնտեյրոյին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:
Դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում լավագույնս ճանաչել է Հայաստանը ու հայ ժողովրդին: Դեսպանը հավաստիացրել է, որ կշարունակի մնալ հայ ժողովրդի բարեկամը և այս տարիների հիշողությունները մշտապես կկրի իր հոգում: