23/10/2017 14:49
Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու այնքան իրավունք, որքան նախկին ԽՍՀՄ որևէ սուբյեկտի քաղաքացի. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին և նրանց ուղեկցող անձանց:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մեքսիկացի պատգամավորների այցն առանձնանում է այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Մեքսիկայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը նոր էջ կբացի և նոր՝ առավել բարձր մակարդակի կբարձրացնի առկա հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և այլ ոլորտներում:
Էդուարդ Շարմազանովը մեքսիկացի գործընկերներին ցավակցություն է հայտնել Մեքսիկային վերջերս պատուհասած աղետի՝ երկրաշարժի կապակցությամբ՝ նշելով, որ հայ ժողովուրդը լավ է հասկանում մեքսիկացի ժողովրդի ցավը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Մեր պայքարը հանուն արդարության է և հանուն ցեղասպանությունների կանխարգելման: Մենք որևէ ժողովրդի, այդ թվում նաև՝ թուրք ժողովրդին, թշնամի չենք համարում, բայց կարծում ենք, որ առաջինը հենց թուրք ժողովրդի համար է անհրաժեշտ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտվել ու առերեսվել սեփական պատմության հետ, քանի որ ժխտողականությունը և կեղծիքը կարող են ծնել նոր ցեղասպանություններ ու արհավիրքներ»:
Է. Շարմազանովը տեղեկացրել է, որ հաջորդ տարի լրանում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-րդ տարին, ուստի Հայաստանը այս համատեքստում հանդես է գալու նոր նախաձեռնություններով:
Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2011 թվականին Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված երկու բանաձևերին՝ նշելով, որ դրանք ոչ միայն հակահայկական բնույթ ունեին, այլև ուղղակիորեն հակասում են միջազգային հանրության գնահատականներին:
«ՄԱԿ-ն այս խնդրի լուծման մանդատը տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Միջազգային կառույցներում պետք է անենք քայլեր, որոնք չպետք է հակասեն միջազգային հանրության գնահատականներին: Սա մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ոչ թե տարածքային վեճ. Արցախի ժողովուրդն ունի անկախ ապրելու այնքան իրավունք, որքան նախկին ԽՍՀՄ որևէ սուբյեկտի քաղաքացի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն իրենց խոսքում պաշտպանել են Մեքսիկա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսն ու պատվիրակության անդամ Կառլոս Էռնանդես Միրոնը:
Տիկին Դոմինգեսը վստահություն է հայտնել, որ իրենց այցը նոր խթան կհանդիսանա և կզարգացնի երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ինչի համար իրենք, օգտագործելով խորհրդարանական հարթակը, պատրաստ են անելու առավելագույնը:
Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցով, Հայաստանը դիտարկել որպես դարպաս՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ հարևան այլ երկրների շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: