23/10/2017 21:31
Իսպանիայի գլխավոր դատախազ. Անկախության հռչակումը կարող է Պուչդեմոնի ձերբակալման պատճառ դառնալ
Կատալոնիայի անկախության հռչակումը կարող է հանգեցնել շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի բանտարկությանը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան, հայտնում է Antena 3 հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը:
Գլխավոր դատախազը նշել է, որ դեռևս չի ցանկանում հարցն այսպես դնել: Սակայն, ինչպես պարզաբանել է, «այնպիսի քայլն, ինչպիսին միակողմանի կարգով անկախության հռչակումն է», կարող է Պուչդեմոնի համար բանտարկությամբ ավարտվել: Մասան նշել է, որ «երբ հռչակումը տեղի ունենա», համապատասխան միջոցներ կձեռնարկեն:
Ավելի վաղ Europa Press գործակալությունը հաստատել է, որ դատախազությունը Պուչդեմոնի դեմ հայց է պատրաստել այն դեպքի համար, եթե նա հայտարարի Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու մասին:
Նրան կարող են խռովության մեջ մեղադրել: Իսպանական օրենսդրության համաձայն՝ այս հանցագործության համար ինքնավարության ղեկավարին կարող է սպառնալ մինչև 30 տարվա բանտարկություն: