23/10/2017 14:29
Բակալավրի աստիճանով կամ դիպլոմավորված մասնագետին մենք առաջարկում ենք գալ բանակ որպես սպա. Նախարար
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե որո՞նք են այն հիմնական շեշտադրումները, որոնց արդյունքում զորակոչային ռեսուրսը, չհամարվելով առանձնակի կարևոր թվաքանակի տեսակետից, ՊՆ-ն հրաժարվում է ակադեմիական տարկետումից։
Նախարարն ընդգծեց, որ ինքը չի տեսնում պատճառ, թե ինչու որևէ պետական բուհ ընդունվող կարող է ունենալ տարկետում, իսկ մյուսը՝ ոչ:
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորած մի քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ավարտել իր ուսումը և հետո նոր կատարելու կամ չկատարելու իր պարտքը հայրենքի նկատմամբ, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալուն պես զորակոչվի, որովհետև ընդունելության քննության պահին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իր կողքը նստած դասընկերոջից կես միավոր ավելի կամ պակաս է ստացել», - նշեց Վիգեն Սարգսյանը։
Վերջինս ընդգծեց, որ եթե խնդիր է դրվում լուծելու կրթության իրավունքը, ապա բոլորին հավասար պետք է տարկետում տրամադրել, մինչդեռ ՀՀ-ն նպատակ ունի պաշտպանության խնդիր լուծել։
«Եթե մենք մեր երկրի պաշտպանության խնդիրն ենք լուծում, մենք տարկետումը չենք վերացնում ու ասում՝ եթե ձգտում ես լավ կրթություն ստանալու, համարում ես, որ անընդհատությունը կարևոր է և դու պատրաստվում ես բանակ գալ բակալավրի աստիճանով կամ դիպլոմավորված մասնագետի, ապա մենք քեզ առաջարկում ենք գալ որպես սպա, դրա համար աշխատավարձ ենք վճարելու, փոխհատուցելու ենք քո ուսման ծախսերը բակալավրիատում, հետագայում նաև՝ մագիստրատուրայում», - ասաց նախարարը։
Անդրադառալով շրջանառվող այն տեսակետին, թե 30 տարեկանում թեկնածության չեն պաշտպանում, նախարարը նշեց.
«Բայց ոչ ոք չի ասում, թե էդ պաշտպանածներից քանիսն են պաշտպանելուց հետո հոդված գրել կամ գիտության համար որևէ քայլ կատարել»։