23/10/2017 13:43
Երկու եղբայրների ծառայելու հարցին բանակը չպետք է փորձի միջամտել. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ երկու եղբայրների՝ միևնույն վաշտում ծառայելու խնդրին բանակը չպետք է միջամտի։
«Երկու եղբայրների ծառայելու հարցին բանակը չպետք է փորձի միջամտել, օրենքը պիտի միջամտի», - ասաց պատգամավորը՝ ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ժամանակ՝ ընդգծելով, որ գուցե ծնողը չի ցանկանում, որպեսզի իր երկու տղաներն էլ ծառայեն առաջնագծում։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ նկատեց, որ եթե 18 տարեկան պատանին զորակոչվել է բանակ, որին տրվում է զենք ու վստահվում է սահմանի պաշտպանությունը, իրավունք ունի որոշում կայացնելու՝ ուզում է եղբոր մոտ գնա առաջնագծում ծառայելու, թե ոչ։
«Իր հետ կապված հարցերի որոշումը իրեն պետք է վստահենք։ Ինքը ծնողի հետ կխորհրդակցի, թե ոչ, իր ու ընտանիքի գործն է», - նշեց նախարարը։
Նշենք, որ օրենքով սահմանվում է, որ եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ապա ցանկացած պահին կրտսեր եղբայրը կարող է գնալ նույն զորամաս ծառայելու։
Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց առ այն, որ ի տարբերություն 20 տարվա ծառայության պայմանագրի, 10 տարով ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու և ծառայելու դեպքում տվյալ անձինք թոշակ չեն ստանա։
«10-ամյա ծառայության դեպքում սպան թոշակ չի ստանում, դա պրոբլեմ է առաջացնում։ Մենք գիտենք, որ սպան թոշակ ստանում է միայն 20 տարի ծառայության դեպքում», - նշեց պատգամավորը։
Նախարարն էլ նկատեց, որ 18 տարեկանը լրացած անձնանց պետք է ընտրելու հնարավորություն տալ, քանի որ նրանցից շատերը կարող է պատրաստ չլինեն երկարաժամկետ ծառայության։ Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ի տարբերություն 20 տարվա ծառայության՝ 10 տարի ծառայելու դեպքում, սպան կարիք չի ունենա ժամանակից շուտ խզել պայմանագիրն ու բացասական հոդվածով զորացրվել։
Վիգեն Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ սպաների համար նախատեսվող արտոնությունները լրացուցիչ խթան կհանդիսանան, որպեսզի քաղաքացիները երկարաժամկետ պայմանագրեր կնքեն։