23/10/2017 11:03
ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Հրայր Թովմասյան ուսանողներին է ներկայացրել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները, Արման Սաղաթելյանը խոսել է ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմների վերաբերյալ:
Պատգամավոր Կարեն Բեքարյան ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը. առկա վիճակը և զարգացման միտումները, իսկ Միհրան Հակոբյանը՝ Արցախյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները:
Պատգամավոր Արման Սաղաթելյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև հաճախ է լինում Արցախում, բայց ակադեմիական շրջանակների հետ հանդիպումներ հազվադեպ է ունենում, և այդ բացը լրացնելու անհրաժեշտություն կա։
«Շատ կարևոր է, որ Արցախի ուսանողների հետ նման հանդիպումները հաճախի լինեն, քանի որ նրանք են վաղվա որոշում կայացնողներն ու ղեկավարները։ Հետաքրքրիր է լսել նրանց մոտեցումներն ու պատկերացումները։ Տպավորված եմ նրանց հետ շփումից, հանդիպումը ծառայեց իր նպատակին։ Կարծում եմ՝ առաջիկայում պատգամավորների ավելի լայն շրջանակների ներգրավմամբ դասախոսություններն ավանդույթ դարձնելու անհրաժեշտություն կա», - նշեց Ա.Սաղաթելյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում նման հանդիպումներ ևս կկազակերպվեն։
Aysor.am-ի թղթակիցը Արցախից հաղորդում է, որ դասախոսություններն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով, ուսանողները մեծ հետաքրքրութուն են ցուցաբերել թեմաներից յուրաքանչյուրի նկատմամբ։ Քննարկումներին մասնակցել են նաև «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի հաղորդավարներն ու ղեկավարները։