23/10/2017 19:58
Նախագահ. Օրինազանց և կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին հայտարարել է, որ օրինազանց և կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Նա ստվերում է կատարված մեծ աշխատանքի արդյունքները, խոչընդոտում համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի լիարժեք իրականացմանը», - ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահական տույժեր կիրառելը, իսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը կարևոր են, բայց բավարար չեն:
«Հարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջ համակարգը: Ոստիկանապետն ինձ ասում է՝ տեսեք 40 քրեական գործ ենք հարուցել համակարգի աշխատողների նկատմամբ: Բայց հավատացեք՝ նույնիսկ հարուցված քրեական գործերի քանակով չէ, որ պետք է փոխել մթնոլորտը, հատկապես, որ այդ հարուցված գործերի մեծ մասը հարուցվել է ոչ ձեր նախաձեռնությամբ: Կարևոր է, որպեսզի միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանության ղեկավար կազմի անզիջում պայքարը տարբեր երևույթների դեմ: Համոզված եղեք, եթե նրանք տեսնեն, ապա տասն անգամ կմտածեն, նոր ինչ-որ բան կանեն: Եվ ընդհանրապես, միայն այդ ձևով կարելի է հասնել համակարգում լուրջ խնդիրների լուծմանը: Այլ ճանապարհ չկա: Իսկ եթե տեսան, որ ղեկավար կազմը ելնելով, այսպես ասած, տարբեր հանգամանքներից, հատկապես նրանից, որ լավ կադրեր չկան կամ չգիտեմ՝ տարբեր այլ պատճառներից, ներողամտություն է ցուցաբերում, ընդհանրապես հակված չէ խիստ պատժելու, ապա գործերը միշտ լինելու են մեզ ոչ բավարարող:
Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնք համոզիչ կլինեն Հայաստանի ժողովրդի համար, ում ծառայելու է կոչված ոստիկանությունը: Դուք պետք է հստակ ցույց տաք ապացուցվեք, որ ոստիկանները լինելու են շատ ավելի զգոն, շատ ավելի բարեխիղճ և շատ ավելի պատրաստված ու կարգապահ:
Մենք կարող ենք հասնել և պետք է հասնենք դրան: Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը, նրանից պետք է ակնկալի աջակցություն ցանկացած դժվարության դեպքում: Վստահ եղեք, որ մեր պետությունը միշտ պատրաստ է ամուր թիկունք լինել ոստիկանին, նրա ծառայության արդյունավետությունը բարձրացնող բոլոր նախաձեռնություններին ու նաև վստահ եղեք, որ մենք պարբերաբար լուծելու ենք կարևոր սոցիալական խնդիրներ: Միգուցե այսօր կամ մեկ այլ առիթով ոստիկանապետն արդեն ձեզ կտեղեկացնի, թե մենք ինչպիսի սոցիալական խնդիր ենք լուծելու սկսած 2018թ. հունվարի 1-ից: Կարծում եմ՝ մենք դեռ հավելյալ հնարավորություն ենք ունենալու գնահատելու ոստիկանության հետագա գործունեությունը: Հուսով եմ, որ այդ ժամանակ կկարողանանք խոսել և արձանագրել զգալի ձեռքբերումներ», - նշել է նախագահ Սարգսյանը։