23/10/2017 12:53
Թուրքիայի խորհրդարանը ճանաչել է կրոնական ամուսնությունները
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, համաձայն որի՝ մուֆթիները ստանում են ամուսնություններ կնքելու և գրանցելու լիազորություն։ Նախկինում դա կարող էին անել միայն իշխանության ներկայացուցիչները, փոխանցում է Jacos.net-ը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը հաստատում է, որ նոր օրենքի նպատակն է չգրանցված ամուսնությունների թիվը կրճատելը։
Ընդդիմությունը կասկած անգամ չունի, որ խոսքն աշխարհիկ պետության ապամոնտաժման նոր փուլի մասին է։ Իշխանությունների հակառակորդները նույնիսկ մտավախություն ունեն, որ կրոնական գործիչները կարող են ամուսնացնել դեռահասներին։
«Ցանկանաք թե ոչ, օրենքը կընդունվի։ Մենք աջակցում ենք գրանցված ամուսնություններին», - օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հանրային քննադատությանը։
Կրոնական արարողություններ Թուրքիայում անցկացվել են, սակայն նախկինում դրանք օրինական ուժ չեն ունեցել։