24/10/2017 11:46
«Յելլ Էքսթրիմ պարկը» ներդրողներին ներկայանում է մեծածավալ ներդրումային ծրագրով
«Յելլ Էքսթրիմ պարկը» շարունակում է մշակել զարգացման նոր նախագծեր և 2017 թվականի հոկտեմբերից մեկնարկում է նոր ներդրումային ծրագիր՝ 2,5 մլն դոլարի չափով:
Ներդրումն ամբողջությամբ ուղղվելու է պարկի գործունեության ընդլայնմանը և զարգացմանը, որի արդյունքում կավելանան նոր էքստրեմալ զվարճություններ, ինչպիսին են տոբոգանը, լազեր թագը, սթրայքբոլը, բանջի ջամփինգը և այլն: Ներդրողներ կարող են հանդիսանալ ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր ֆոնդեր:
Պարկի երկարաժամկետ զարգացման ծրագրերից է նաև ճոպանուղու կառուցումը և փոքր ավիացիայի զարգացումը:
«Յելլ Էքսթրիմ պարկ» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է 2015 թվականին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է 10-ից ավելի ծառայություններ: 2018 թվականին «Յելլ Էքսթրիմ պարկը» շահագործման կհանձնի 2,7 կմ երկարությամբ զիփլայնը:
Ենոքավան համայքը ներդրողների տեսանկյունից բավականին գրավիչ է, քանի որ վերջին շրջանում այն դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող և ամենամեծ տուրիստական հոսք ունեցող համայնքներից մեկը:
Պարկի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2015 թ.-ի օգոստոս ամսին՝ սույն տարում գրանցելով 1133 այցելու: 2016թ.-ին այցելուների թիվը կազմել է 5830, իսկ 2017-ին նախատեսվում է ունենալ 14,000 այցելու: Ընդհանուր առմամբ հաճախորդների 35%-ը եղել են արտերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպական տարբեր երկրներից:
«Յելլ Էքսթրիմ Պարկի» հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ 2022 թ.-ին «Յելլ Էքսթրիմ Պարկի» այցելուների քանակությունը նախատեսվում է հասցնել 100,000-ի: Ներկայումս պարկը 1 ժամում սպասարկում է ընդամենը 65 հաճախորդի: 100,000-ին հասնելու և հյուրերի ժամանցը լավագույնս կազմակերպելու համար անհրաժեշտ է ընդլայնել զվարճությունների և հանգստի գոտիների քանակը՝ մեկ ժամում հնարավորություն ունենալով սպասարկել 700 հոգու:
Վերջին 2 տարվա ընթացքում «Յելլ էքսթրիմ Պարկում» ներդրվել է մոտ 250.000 դոլարի չափով գումար, և ամբողջ եկամուտն օգագործվել է պարկի զարգացմանն ուղղված աշխատանքների համար: Զիփլայնի տարածքում բարելավվել են առկա արահետները և կառուցել նորերը, ավելացել է մատուցվող ծառայությունների քանակը, ստեղծվել են համապատասխան պայմաններ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, թարմացվել է Զիփլայնով թռիչքների և ժայռամագլցման գույքը և այլն: Այդ թվում 2017 թվականի մայիս ամսին մեկնարկել է մեգանախագիծ՝ ուղղված ամենաերկար Զիփլայնի կառուցմանը:
Ներկայումս «Յելլ Էքսթրիմ պարկն» ունի հիմնական 25 աշխատակից: Վերջիններս հիմնականում Ենոքավան համայնքից կամ Իջևանից են, կան նաև աշխատակիցներ հարևան սահմանամերձ գյուղերից: Պարկի ընդլայնումը իր հերթին լուծում է նաև համայնքային կյանքի աշխուժացման և աշխատատեղերի ապահովման սոցիալական հիմնախնդիր: Պարկի գործունեության ընդլայնմանը զուգահեռ կավելանա նաև աշխատողների քանակը՝ 2018թ.-ին հասնելով 50-ի: