24/10/2017 13:23
Ուզո՞ւմ եք հանգիստ ապրել, ոստիկանության լիազորություններն էլ ավելի շատացրեք. նախկին ոստիկանապետ
Հայաստանի նախկին ոստիկանապետ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հորդորում է ոստիկանությանը դիտել որպես առանձին պետական մարմին և ոչ թե իշխանության կցորդ։
«Ոստիկանությունը շատ կարևոր մի ոլորտ է, խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Իզուր եք ոստիկանությանը խառնում պետության, իշխանության հետ», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին ոստիկնապաետը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք տեսնում է ոստիկանների թվի կրճատում, Ալիկ Սարգսյանն ասաց, որ այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։
«Միգուցե հետագայում քննարկումներ լինեն այդ հարցի շուրջ։ Բայց այսօր ոստիկանությունը լուրջ գործառույթ է իրականցնում, բայց, անկեղծ ասեմ, որ ես՝ որպես նախկին ոստիկանապետ, մի քիչ նեղվում եմ, որ այսօր ոստիկանությանը փորձում են ամեն կերպ սահմանափակել», - ասաց Ալիկ Սարգսյանը։
Հարցին, թե ի՞նչն է խանգարում, ոստիկանությանը այդ ո՞ր լիազորություններն են սահմանափակ, Սարգսյանը պատասխանեց. «Դուք հիմա կպատկերացնե՞ք այժմ այնպիսի մի իրավիճակ, որ օպերատիվ տեղեկությունն ստանալուց հետո, մեկի բեռնախցիկը ստուգի։ Տեսե՞լ եք նման բան։ Իմ ասածն այն է, որ ոստիկանությունը պետք է բացի, ստուգի, ոչ թե սահմանափակել։ Իմ մեքենայի մեջ զենք-զինամթերք չկա, թող բացի ստուգի։ Չեմ նեղվում»։
Նա պնդեց, որ ինքը վստահ է՝ եթե ոստիկանության լիազորությունները չսահմանափակվեին, կյանքը հանգիստ կլիներ, մարդիկ կապրեն խաղաղ։
«Ոստիկանության լիազորությունները մի սահմանափակեք։ Ես կրկնում եմ՝ ուզո՞ւմ եք հանգիստ ապրել, ոստիկանության լիազորությունները էլ ավելի շատացրեք, ուզո՞ւմ եք, որ ցերեկով կրակոցներ չլինեն քաղաքում, թողեք թող ոստիկանները տեղը տեղին իրենց գործառույթն իրականացնեն», - ասաց նախկին ոստիկանապետը։
Ո՞վ է նրանց խանգարում հարցին, Սարգսյանը պատասխանեց. «Դուք, բոլորդ»։