24/10/2017 12:03
Չեմ կարծում, թե Վովա Գասպարյանի հրաժարականի նախադրյալներ կան. Ալիկ Սարգսյան (Տեսանյութ)
Հայաստանի նախկին ոստիկանապետ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի համոզմամբ ոստիկանության գործունեությանն ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա քննադատությունից հետո ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրաժարականի անհրաժեշտություն չկա։
«Ո՛չ, չեմ կարծում, թե հրաժարականի նախադրյալներ կան։ Ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ դա վերաբերում էր Վովա Գասպարյանի հրաժարականին», - այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալիկ Սարգսյանը։
Դիտարկմանը, թե նախագահն իր ելույթում խոսել է ոստիկանության կոպիտ խախտումների մասին, Ալիկ Սարգսյանն արձագանքեց՝ ասելով, որ ելույթն ամբողջությամբ չի կարդացել, ուղղակի հեռուստատեսությամբ մակերեսորեն է տեսել։
Նախագահը նաև նկատել էր, որ ոստիկանությունը չի կարողանում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեմ պայքարել։ Այս առնչությամբ, նախկին ոստիկանապետն ասաց, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը լատենտային հանցագործություն է և այդ կապակցությամբ ոստիկանության լիազորությունները սահմանափակ են։
«Դրանց դեմ պետք է ավելի արդյունավետ պայքար տանել և այս զգուշավորությամբ, որն ունի ոստիկանությունը, պայքարելը արդյունավետ չէ։ Ոստիկանությանը բերել են այն վիճակին, որ չի կարելի ստուգել, չի կարելի ինֆորմացիա ստանալուց հետո ստուգել ամեն դեպքում։ Ուստի ոստիկանությունը, կամա թե ակամա, որդեգրել է զգուշավորություն», - հավելեց Ալիկ Սարգսյանը։