24/10/2017 13:12
Ձեր մոտ համեմատաբար անաչառությունն ավելի է, քան նախորդ դատավորի. Դեդը՝ Արթուր Օհանյանին
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» անդամների գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը, դատավորը Արթուր Օհանյանն է, ով դատաքննությունը սկսելուց հետո անցավ ամբաստանյալների ճանաչմանը:
Գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) նշեց, որ իրեն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել, բայց ինքը որոշել է ներկայանալ:
«Խնդրում եմ, եթե կանչում եք ծանուցագիր ուղարկեք, որ տեղյակ լինենք: Ինձ բերելուց շղթայակապ են բերում: Կասկածյալները կամ մեղադրյալները, եթե տեղափոխվում են հատուկ նշանակություն ունեցող մեքենաներով այդ անձանց շղթայակապ չեն ուղեկցում, առավելևս եթե 4 մեքենա է ուղեկցում, որից մեկը զինված է», - նշեց Դեդը:
Ամբաստանյալը կոչ արեց դատավորին ծանուցում ուղարկել և իրենց տեղափոխումը դատարան իրականացնել օրենքի շրջանակում՝ առանց շղթաների:
«Ձեր մոտ համեմատաբար անաչառությունն ավելի է, քան նախորդ դատավորի, դրա համար կարծում եմ՝ Ձեր միջոցով կարող եմ այդ հարցը բարձրաձայնել», - ասաց նա:
Դատավորն էլ նշեց, որ կփորձեն լուծել Հակոբյանի բարձրաձայնած խնդիրները, մինդչեռ Հակոբյանը նշեց.
«Եթե զուտ անդրադառնալու եք՝ պետք չէ: Դուք ինձ հետ օրենքի սահմաններում վերաբերվեք, ուրիշ բան պետք չէ», - նշեց Հակոբյանը:
«Կարող եք չկասկածել, կվերաբերվենք», - հավելեց դատավորը:
Հիշեցնենք, որ գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս Թորոսյանը: