24/10/2017 13:26
Ես հավատում եմ, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ժամանակին կստորագրվի. Սվիտալսկի
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հավատում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի ժամանակին։
«Ես հավատում եմ, որ ժամանակին կստորագրվի Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը, ես լավատես եմ», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասել է նա։
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, և շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը և ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը։ Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ», - ասել է դեսպանը։
Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ ներքին ընթացակարգերի, օրինակ՝ թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավոր է նոյեմբերին չստորագրվի, Սվիտալսկին արձագանքել է. - «Ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկվում են Եվրամիության կողմից, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի։ Եվրամիության կազմի կողմից ներդրվում են շատ նպատակասլաց ջանքեր, ինչպես նաև անդամ երկրների կողմից, որպեսզի դա կյանքի կոչվի և իրականացվի։ Մենք վճռական ենք՝ այդ հնարավորությունը ընձեռելու և գործի դնելու բոլոր ջանքերը, որպեսզի պայմանագիրը ժամանակին ստորագրվի»։
Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: