25/10/2017 10:57
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 9 պատգամավոր:
«Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետև խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձևավորման և ընդհանրապես գործունեության հիմքում: Բավարար չենք համարում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը», -մինչև քվեարկությունը «Ելք»-ի դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Օրինագիծը, որը ԱԺ-ում ներկայացնում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սահմանում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթարկվում է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատարին:
Բացի այդ, փաստաթղթով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, որոնց համաձայն, պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակ քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ։