25/10/2017 17:58
Լոռիում «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը կարժենա 150-190 մլն դոլար. ներդրումներ կանի ամերիկյան ընկերությունը
Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի արժեքը գնահատվում է 150-190 մլն ԱՄՆ դոլար: Դրա կառուցմանը կմասնակցի ամերիկյան «The Robbins Company» ընկերությունը, այս մասին այսօր հայտարարվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, որտեղ համագործակցության հուշագիր ստորագրեցին «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն և խոշոր թունելների հորատման միջազգային մեծ փորձ ունեցող «The Robbins Company»-ն:
««Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այն փաստը, որ այդ քայլն արվում է ամերիկյան գործընկերների մասնակցությամբ», - միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը և անձնապես դեսպան Միլսին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ներդրումային ծրագրերը Հայաստանում կբազմապատկվեն:
«Ստորագրված հուշագիրն էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-Հայաստան աճող համագործակցության լավագույն օրինակն է», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն` ընդգծելով.
«Այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, և ես չեմ կարող մտաբերել մեր 25-ամյա գործընկերության արդյունքների ավելի լավ խորհրդանիշ, քան այն նվաճումը, որ այսօր տոնում ենք»:
Իր հերթին «Ռոբինս» ընկերության ներկայացուցիչ Լոք Հոմը նկատեց` ծրագիրը բարդ է, սակայն` իրագործելի.
«Մի փոքր բարդ ծրագիր է: Հայաստանում լեռները շատ են, այո, դրանք լավն են, բայց ոչ բոլոր լեռներն են կարծր և երբեմն ապարների ներսում կարող են հորատման ընթացքում անակնկալներ լինել: Մենք հանդիպել ենք բազմաթիվ անակնկալների, աշխատանքի ընթացքում նույնիսկ սատանային ենք մի քանի անգամ անհանգստացրել», - կատակեց ամերիկյան ընկերության ներկայացուցիչը:
Նա կարևորեց, որ իրենց մասնակցությամբ իրականացվող «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի արդյունքում ստացվելու է մաքուր էներգետիկա:
Նշենք, որ ստորագրված հուշագրի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը ներդրում է կատարելու «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ կանոնադրական կապիտալում՝ տրամադրելով «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով նախատեսված 22 կիլոմետր երկարությամբ ջրատար թունելի հորատման մեքենա՝ ապահովելով մեքենայի շահագործման համար տեղական կադրերի վերապատրաստման աշխատանքները, ինչպես նաև ցուցաբերելով տեխնիկական աջակցություն թունելի հորատման ողջ ընթացքում։
Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին եռակողմ շրջանակային համաձայնագիրը հաստատվել է ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի որոշմամբ:
Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը՝ ընդգրկելով ծրագիրը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև ընդգծել էր կայանի կառուցման համար մասնավոր ներդրումների ներգրավման և ներդրողներին համապատասխան երաշխիքների տրամադրման անհրաժեշտությունը՝ հանձն առնելով կիրառել պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբերակը։