26/10/2017 12:27
Երբ մագիստրոսական թեզ էի պաշտպանում, Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր. ամենաշատ հարցը ինքը տվեց ինձ. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Երբ ես պետական կառավարման ակադեմիայում մագիստրոսական թեզ էի պաշտպանում, Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի ղեկավարն էր, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը։
«Քչերը հինգ ստացան պաշտպանության ժամանակ և այդ քչերի մեջ ես էի։ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր և ամենաշատ հարցերը ինքը տվեց ինձ։ Եթե կասկածներ կան իմ՝ կրթական անցած ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստորսական թեզը պաշտապնելիս», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի բանակում չծառայելու մասին Վիգեն Սարգսյանի հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արարատ Միրզոյանը տարկետումից օգտվելու համար դիսկոմֆորտի մեջ ընկնելու կարիք չունի, քանի որ գիտությամբ է զբաղվել։
«Այն մարդիկ, ովքեր օգտվել են այդ հնարավորությունից, եկել, ասում են՝ եկեք այդ հնարավորությունը վերացնենք։ Սրա մասին է կոմֆորտի հարցը, ոչ թե այն, որ մենք հակառակ ճանապարհից ենք գալիս։ Մենք չենք դրա ջատագովը։ Եթե լինեինք, ապա Արարատ Միրզոյանը կլիներ դիսկոմֆորտի մեջ, որովհետև ինքը օգտվել է տարկետման իրավունքից և բոլորը, ովքեր գտնվում են իշխանության մեջ, օգտվել են դրանից», - նշեց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ եթե ՊՆ-ն պարզաբանում է տարկետման վերացումն այն հանգամանքով, որ ասպիրանտուրա ավարտածների զգալի մասն անգամ մի հոդված չի գրել, ապա դրա մեղավորը իշխանությունն է, քանի որ թույլ է տվել կոռուպցիայի միջոցով այդքան տարի խուսափել ծառայությունից։
«Եթե մեկը ձևական է զբաղվել գիտությամբ, փողով է գնացել թեկնածու դառել, ապա դա իրենց բեռն ու պատասխանատվությունն է», - հավելեց նա։
Այսօր իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Արարատ Միրզոյանը 25 տարեկանում ատենախոսություն է պաշտպանել և զարմանք հայտնել, թե ինչ խղճով է նա ստացել ՊՆ պատվոգիր, եթե ոչ մի օր զորամասում չի ծառայել։
Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին էլ նախարարը զարմանք էր հայտնել, թե ինչպես կարող էր պատգամավորը ծառայելուն զուգահեռ սովորել բուհում, եթե այդ տարիներին հեռահար կրթություն չկար։