27/10/2017 13:08
«Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանը մի քանի երիտասարդի հրահրում էր համալսարանում դասադուլ սկսել. Վիգեն Սարգսյան
«Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանը ակտիվ հրահրում էր մի քանի երիտասարդի համալսարանում դասադուլ սկսելու, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ես պարբերաբար հանդիպում եմ ամենատարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, տեղյակ եմ, որ «Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանը ակտիվ հրահրում էր մի քանի երիտասարդի համալսարանում դասադուլ սկսելու», - ասաց Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին դեմ բողոքի ակցիաներին։
Պաշտպանության նախարարն ասաց, որ ներկայացուցիչներից մի քանիսի հետ առանձին հանդիպում է ունեցել, ովքեր մանրամասն ներկայացրել են, թե ինչպես է տեղի ունեցել իրենց երկխոությունը «Ելք»-ի հետ։
«Քաղաքական մշակույթի հարց է, ամեն մեկն իր ձևն է ընտրում», - նշեց նախարարը:
Հարցին՝ արդյոք պաշտպանության նախարարը դասալիք ու սահմանադրությունը խախտող է համարում ՀՀԿ-ականներին, որոնք չեն ծառայել բանակում, Վիգեն Սարգսյան պատասխանեց. «Ոչ, ես ձեր գնահատականը համարում եմ ոչ կոռեկտ: Եթե դուք համարում եք, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, նույն Արարատ Միրզոյանը դասալիք են, որովհետև օգտվել են տարկետումից, ապա ձեր գնահատականը բոլորի համար հավասարապես ճիշտ է: Ես չեմ համարում, որ նրանք դասալիք են: Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանում այդ ձևակերպումները և այդ լեզուն ես չեմ սկսել օգտագործել: Ես Արարատ Միրզոյանի պատվոգիր ստանալու թեման բարձրացրել եմ նրանից հետո, երբ «Ելք» դաշինքը բարձրացրել է բանակում չծառայած, բայց բանակի գերատեսչական մեդալներով պարգևատրվածների հարց: Ես էլ ասել եմ, որ պետք է աչքի գերանը նկատել, հետո դիմացինի աչքի փուշը»: