01/11/2017 18:00
Մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 218 հոդվածով (Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով):
Մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել էր. երեք անձ ճանաչվել էր տուժող։