06/11/2017 10:48
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպի ողջ ընթացքից (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 218 հոդվածով (Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով):
Մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել էր. երեք անձ ճանաչվել էր տուժող։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։