08/11/2017 12:06
Առաջարկ. Մինչև 150 000 դրամով տուգանել ճանապարհին եգիպտացորեն և այլ ապրանքներ վաճառող գյուղացիներին. Արփինե Հովհաննիսյանը գոհ չէ
ՀՀ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ այլ կառույցների մոտ տեղադրված ապօրինի գովազդային վահանակների համար սահմանաված տուգանքի չափը:
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչ չափորոշիչով է նախարարությունը որոշել առանց տնօրինության թույլտվության գործող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային կրպակների կամ այլ կառուցվածքների տեղադրման համար տուգանք սահմանել միջպետական ավտոմոբիլային ճանապարհների մասով նվազագույն աշխատանքի 150-ապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային ավոտոմոբիլային ճանապարհների մասով 100–ապատիկի չափով, եթե ներկայում տուգանքի գործող չափը 10-ապատիկ է:
«Տպավորություն է ստեղծվում, որ խոսքը առանց չափանիշային հիմնավորման, պարզապես բարձրացման մասին է՝ չգիտեմ, թե ինչ նպատակ հետապնդելով: Եթե նպատակը խստացումն է, դա խնդրի լուծում չէ: Կբացատրեք ինչո՞ւ 150–ապատիկ, ի՞նչ հիմքով: Ինձ մոտ տպավորություն է, որ այս փոփոխությունները կատարվում են բացառապես սանկցիները բարձրացնելու համար: 10 հազարից թռիչք դեպի 150 հազարի միջակայք չեմ հասկանում՝ ո՞նց է ընտրվել: Վերջապես, գյուղացուն պետք է 100-150 հազար դրամ տուգանել, նախարարությունն ուրի՞շ լուծում չի մտածել, քան այդ տուգանքներն այդքան բարձրացնել», - հարցրեց Արփինե Հովհաննիսյանը:
Փոխնախարար Արամ Խաչատրյանն էլ ընդգծեց, որ նախարարությունն այսպիսով նպատակ ունի ապամոնտաժել բոլոր ապօրինի կառույցները:
Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ թեև նախարարության ցանկությունը պայքարել անօրինականության դեմ լավ է, մինչդեռ պետք է նախազգուշացում լինի:
«Այդ մարդկանց համար պետք է լինի նախազգուշացում, հետո՝ 100 000 դրամ տուգանք: Պատկերացնում եք միանգամից գնանք գյուղացուն ասենք, դու իրավունք չունես այս ճանապարհի վրա եգիպտացորեն վաճառել, քեզ 100 000 դրամ տուգանում ենք, դե գնա», - նշեց նա:
Փոխնախարարն էլ ասաց, որ օրենքի նպատակը և թիրախը հիմնականում մեծ ենթակառուցվածքներն են, ոչ թե՝ գյուղացիները, և իրենք բաց են ԱԺ-ում հնչած առաջարկությունները քննարկել: