09/11/2017 16:51
Շիրակի համալսարանում դասախոսները շարունակում են աշխատել ու վարձատրվել առանց պայմանագրի
Շիրակի պետական համալսարանում կրքերը դարձյալ չեն հանդարտվում։ Լարված են ռեկտոր Սահակ Մինասյանի և նրա աշխատաոճին դեմ դուրս եկած դասախոսների՝ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հարաբերությունները։
Վերջիններս շարունակում են դասավանդել բուհում՝ առանց աշխատանքային պայմանագրի ստորագրման։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն ասաց, թե չի էլ պատրաստվում ստորագրել իրեն առաջարկվող անօրինական պայմանագիրը։
Հիշեցնենք, որ այս բուհում ամեն ինչ սկսել էր նրանից, որ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին և վարչապետին՝ նշելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը 1 տարի շարունակ ավիրում է բուհը՝ հանուն սեփական շահադիտական նպատակների։
«Մենք մինչ այս պահը պայմանագիր չունենք բուհի հետ, քանի որ մեզ առաջարկված պայմանագիրն անօրինական է։ Մեզ պարտադրում են ստորագրել պայմանագիր, ըստ որի, մենք խնդրում ենք ռեկտորից, որպեսզի վերջինս թույլ տա մեզ դասավանդել բուհում հոկտեմբերի 2-ից։ Որևէ մեկը չի կարող բացատրել, թե այդ դեպքում ինչպես եմ ես սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակաշրջանն աշխատել բուհում և աշխատավարձ ստացել», - ասաց Գագիկ Համբարյանը։
Դասախոսն ասաց, որ ավելի վաղ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հարցազրույցում նշել է, թե բուհում նույնիսկ եղել են 6 ամսով պայմանագիր կնքած աշխատողներ.
«Իսկ ես նշում եմ, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմից ոչ ոք բուհի հետ 6 ամսով պայմանագիր չի կնքել։ Դա տարրական զրպարտություն է։ Ավելի լավ կլինի, որ պարոն Մկրտչյանն ավելի մեծ ուշադրություն դարձնի ներկայիս ռեկտորի գործունեությանը, քանի որ հիմա չունենք ընտրված ոչ մի ամբիոնի վարիչ, բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ են, և այս խայտառակությունը շարունակվում է արդեն երկրորդ ուսումնական տարին», - ասաց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ չի ստորագրի իրեն պարտադրվող պայմանագիրը։
Համբարյանն ասաց նաև, որ իրենց բաց նամակներից հետո բարձրացված հարցերի վերաբերյալ որևէ բացահայտում չի եղել։
«Ինձ համար շատ զարմանալի էր Լևոն Մկրտչյանի պարզաբանումը, թե ինստիտուտի ռեկտորը 8-9 կետով բեկանել է իր որոշումները։ Այսինքն, նշանակում է, որ մեկ ամսվա մեջ ռեկտորն ուսումնական պրոցեսը ձախողման տանող որոշումներ է ընդունում, և հիմա պարոն Մկրտչյանը հրճվանքով հայտարարում է, թե այդ որոշումները բեկանված են», - նշեց Գ.Համբարյանը։