10/11/2017 15:58
Կառավարությունից ներկայացրել են Սուսան Տոնոյանին աշխատանքից ազատելու հիմքերը
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի նախկին պաշտոնակատար Սուսան Տոնոյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր՝ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ իր զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ և եղել հաղթող անձ:
Aysor.am-ը, փորձելով ճշտել, թե ի՞նչ հիմքով է Սուսան Տոնոյանը ազատվել իր պաշտոնից և արդյոք այդ գործընթացը եղել է օրինական, գրավոր հարցում է ուղարկել կառավարություն:
ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են հետևյալը. «Նշանակման և ազատման գործընթացն իրականցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:
Քաղծառայության խորհրդի 2004թ. մայիսի 31-ի N436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի համաձայն՝ «Ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվում է քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման դեպքում»:
Վարչապետի՝ 2017թ. նոյեմբերի 9-ի 1292 - Ա որոշմամբ թափուր պաշտոնի նշանակման հիմքը վերացվել է, քանի որ օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ, որին կարող էր մասնակցել նաև վարչության պետի նախկին պաշտոնակատարը: Մրցույթը կազմակերպվել է բաց, մասնակցելու հայտ է ներկայացրել 3 թեկնածու, և հաղթած երկու թեկնածուներից մեկը սահմանված կարգով նշանակվել է այդ պաշտոնում»:
Նկատենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը սահմանում են հետևյալը՝ «1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, քաղաքացիական ծառայության խորհրդի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով:
2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն»: