11/11/2017 12:29
WSJ. Մայքլ Ֆլինին առաջարկել են 15 մլն դոլար Ֆեթհուլլա Գյուլենի արտահանձնման համար
Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին և նրա որդուն՝ Մայքլ Ֆլին-կրտսերին, առաջարկել են 15 մլն դոլար Ֆետհուլլա Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա արտահանձնելու համար օգնության դիմաց: Այս մասին հաղորդում The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է Kommersant.ru-ն:
Պարբերականի զրուցակիցը նաև պատմել է, որ ՀԴԲ աշխատակիցները հարցաքննել են առնվազն 4 մարդու 2016 թվականի դեկտեմբերի կեսերին Ֆլինի և թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման մասին: Այդ ժամանակ Մայքլ Ֆլինը դեռ չէր աշխատում Սպիտակ տանը: Թերթի աղբյուրներից մեկի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ֆեթհուլլա Գյուլենին Իմրալա կղզու բանտ մասնավոր ինքնաթիռով տեղափոխելու հնարավորությունը:
Մայքլ Ֆլինի փաստաբանները այս տեղեկատվությունը համարել են վրդովեցուցիչ և կեղծ: Politico-ն հաղորդում է, որ մինչ այս Ֆլինի իրավաբանները խուսափել են պատասխանել իրենց հաճախորդի հասցեին ուղղված մեղադրանքներին՝ ելնելով հետաքննությունների նկատմամբ հարգանքից:
«Բայց այսօրվա հրապարակումն այնքան վրդովեցուցիչ է և կանխակալ, որ մենք բացառություն ենք անում մեր կանոններից. դա կեղծ է», - ասվում է Ֆլինի փաստաբանների հայտարարության մեջ: