14/11/2017 15:47
Սահմանամերձ Բերքաբերի «էքստրիմ» պատշգամբը. Լուսանկարներ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի տեսարժան, այցելության արժանի վայրերի մասին խոսելիս գյուղում երբևէ եղածները, որպես կանոն, չեն մոռանում բերքաբերցի Գրիշայի պատշգամբը:
50-ամյա Գրիշա Դիլբարյանի տունն ուղղակիորեն Ադրբեջանի ԶՈւ մարտական հենակետերի դեմ դիմաց է ու բաժանվում է դրանցից միայն հայ-ադրբեջանական սահման հանդիսացող Ջողազի ջրամբարով:
Անզեն աչքով էլ բերքաբերցու պատշգամբից կարող ես հետևել ադրբեջանական հենակետերի ու Մազամ գյուղի տեղաշարժերին:
«Բերքաբերը բերքաբեր է, բայց եղած միրգ-բանջարեղենն իրացնել է պետք»
Գրիշա Դիլբարյանը ծնվել ու մեծացել է Բերքաբերում: Նախ պապական տանն է ապրել, ապա հայրը կառուցել է այս մեկն ու որոշել մեծ պատշգամբ ունենալ:
Գրիշա Դիլբարյան
«Ինձ շատ էր դուր գալիս պատշգամբի տեսարանը, հետո երբ ես սկսեցի ընտանիքովս այստեղ ապրել, մտածում էի լավ սարքեմ, բայց կրակոցները խանգարեցին: Ինձ շուտ-շուտ ասում են փակի էդ բալկոնդ, անվտանգ դարձրու, բայց ես շատ եմ սիրում ստեղ նստել», - ասում է Գրիշա Դիլբարյանն ու կատակում, թե «ուժեղ կրակոցի ժամանակ հատուկ ստեղ եմ նստում կոֆե խմում ու նայում` ինչ ա կատարվում»:
Պատշգամբից Գրիշան ցույց է տալիս Ջողազի դիմացի ափը:
«Էս իրանց դիրքի ավտոն էսօր ուշանում ա», - ծիծաղում է բերքաբերցին` ցանկանալով ընդգծել, որ «աչքը հակառակորդի վրա է պահում» ու տեղյակ է բոլոր շարժերից:
«Այ է~ն ծուխը տեսնու՞մ ես` դե մոտեցրու նայի, կարող ես հանգիստ հետևել` ով, երբ, ուր է դուրս գալիս, երբ է ծխում», - ասում է:
Ադրբեջանական հենակետը` Բերքաբերից
Բերքաբերում Գրիշան հիմնականում գյուղատնտեսությամբ է զբաղվում` ունի ջերմոցներ, բերքատու ծառեր:
«Բերքաբերը բերքաբեր գյուղ է, դրա համար էլ նախկին` Ջողազ անունը, փոխել են: Բայց լավ կլիներ, որ այդ բերքն իրացնելու հնարավորություն լիներ, մեծ գործարաններին հանձնելու տարբերակ: Անձամբ ես չեմ դիմել, բայց գիտեմ, որ գյուղից շատերն են փորձել դիմել գործարաններին, որ, ասենք, պահածո, մուրաբաների համար իրանց միրգ-բանջարեղենը վերցնեն, բայց պատասխան չի եղել», - ասում է Գրիշա Դիլբարյանը:
«Էքստրիմ» սրճարանը
Գրիշայի պատշգամբը գրավել է նաև գյուղ այցելած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալտանյանի ուշադրությունը:
«Միշտ բոլորը գալիս են իմ պատշգամբից նայում տեսարանը, սուրճ խմում, այդ օրը Բագրատ Սրբազանն էլ եկավ ու ասեց, որ իսկական սրճարան բացելու տեղ է: Անունն էլ ինքը դրեց` «Էքստրիմ» սրճարան», - պատմում է Գրիշան:
Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը` Գրիշա Դիլբարյանի պատշգամբում
Հիմա, Գրիշայի խոսքով, սրճարանը բացելու համար հովանավորներ, ֆինանսավորում են փնտրում:
«Որ դա լինի, սեղանները կդնեմ ու կբացենք», - ասում է:
Ադրբեջանական գյուղը` Մազամը
«Էքստրիմ» պատշգամբից շատ լավ դիտարկվում է նաև Ադրբեջանի Մազամ գյուղը: Գրիշան հիշում է` մինչև հակամարտությունը մազամցիները Բերքաբեր շատ էին գալիս, շատերն աշխատում էին հայկական գյուղում:
Ադրբեջանի Մազամ գյուղը` Բերքաբերից
«Հիմա մենք իրենց ճակատագրից տեղյակ չենք, իրենք` մեր: Բայց լինում է մեր գյուղացիներից, որ Վրաստան են գնում` ապրանք բերելու, պատահական իրանցից մարդկանց են հանդիպում այնտեղ ու հարցուփորձ անում իրարից», - ասում է Գրիշան:
Բերքաբերցին կարծում է` հակառակորդի գյուղացին էլ կռիվ չի ուզում:
«Սովորական գյուղի մարդ են, ապրիլին հենա տեսնում էի, ոնց են, վեշերը կապած, փորձում դուրս գալ գյուղից: Իրանց կողմը, որ բարձր խոսան, մեր բալկոնում լսվում ա: Լինում էլ ա, որ պոստից մեր գյուղին շատ կրակում են, իրանց գյուղի մեծերը հայհոյանքներով, գոռոցներով գնում են իրանց պոստեր. երևի որ չկրակեն», - ասում է Գրիշա Դիլբարյանը:
Ադրբեջանի Մազամ գյուղը` Բերքաբերից
Նրա խոսքով` 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո Բերքաբերի ուղղությամբ հրադադարի խախտումները նվազել են.
«Կարամ ասեմ, բարեբախտաբար, մի քանի կրակոց ա եղել էդ ժամանակից: Բայց իրանց կանխատեսել հնարավոր չի` կարող ա մի օրում էլի սկսվի»: