14/11/2017 10:36
«Այս ծառերը իմ քույրերն ու եղբայրներն են». Իջևանի դենդրոպարկի գեղեցկությունը (Լուսանկարներ, տեսանյութ)
«Գեղեցկությունը թշնամի չունի» գրությունը դիմավորում է Իջևանի դենդրոպարկի այցելուներին: Տավուշի մարզի այս գողտրիկ անկյունում 600-ից ավելի ծառ ու թուփ կա: Դենդրոպարկի հիմնադիրները 1963-ին կենսաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հախինյանն ու անտառային տնտեսության ինժեներ Գրիգոր Ադամյանցն են եղել։ Այնուհետև տնօրեն, կենսաբան Լյուդվիգ Սայադյանը պահպանել, աճեցրել, գեղեցկացրել է դենդրոպարկը և այժմ այդ գեղեցկությունը պահպանում է նրա որդին՝ Մեխակ Սայադյանը:
«Այս ծառերն իմ քույրերն ու եղբայրներն են, ես նրանց հետ եմ մեծացել, նրանք իմ տարիքին են՝ 59 տարեկան», - Aysor.am-ին ասում է տնօրենը:
Այստեղ՝ 9 հա տարածքի վրա կա շուրջ 650 տեսակի ծառ ու թուփ՝ սեքվոյա ու դրա տեսակներից, արմավաշուշան շքեղ (палъма), հիմալայան մայրի, արջատխլենի, Կարմիր գրքում գրանցված հատապտղային կենի, մինիբամբուկ, երկաթածառ պարսկական և այլն։ Այս դենդրոպակում է, ի դեպ, արջատխլենու աշխարհում միակ ծառուղին։ Մեխակ Սայադյանն ասում է, որ աշխարհում այս ծառատեսակի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, քանի որ այն արժեքավոր բնափայտ է։
Տնօրենը ծրագրում է դենդրոպարկը հետաքրքրաշարժ դարձնել այցելուների համար, հիմնել խաղահրապարակ երեխաների համար, ծրագրում է տաղավարների թիվը մեծացնել, որտեղ կարող են այցելուները նստել, հանգստանալ։ Բայց նրա ամենամեծ ծրագիրը դենդրոպարկում էկոդաստիարակության կենտրոն հիմնելն է։
«Երեխաները, աշակերտները կարող են գալ և տեղեկանալ ծառատեսակների, դրանց պահպանության և բնապահպանությանը վերաբերող շատ կողմերի մասին», - նշում է Սայադյանը։