14/11/2017 15:18
Էմոցիան շատ է. Կրթության ու գիտության նախարարն ուսանողներին կոչ է անում դադարեցնել հացադուլը
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներին, ովքեր այսօր հացադուլ են հայտարարել, կոչ է անում դադարեցնել հացադուլը։
«Կոչ եմ արել դասադուլը դադարեցնել, հիմա էլ, իհարկե, կոչ եմ անում հացադուլը դադարեցնել», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԿԳ նախարարը։
Լևոն Մկրտչյանը կարծում է, որ այս ակցիայում էմոցիան շատ է։
«Էմոցիան շատ է, փորձենք այնպես անել, որ էմոցիային տուրք չտրվի։ Մենք երբ վարչապետի հետ ընդունեցինք երիտասարդներն, ասացինք, որ օրենքի ընդունումից հետո մոտ 70 ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունվի ու բոլոր խնդիրները քննարկելու ենք», -նշեց նա։
Կրթության նախարարը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե օրինագծի ընդունումը հապճեպ էր։
«Հապճեպություն չի եղել, օրինագիծն անցել է բոլոր ընթացակարգերը», - ասաց նա։
Հարցին՝ հիմքեր տեսնո՞ւմ է օրինագիծը կասեցնելու՝ Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Օրենքը ընթացակարգով գնում է, ԱԺ-ի տիրույթում է, ի՞նչ է նշանակում կասեցում, ես չեմ կարծում, որ որևէ հիմք կա, գիտեք, նախադեպերի հարց կարող է առաջանալ»։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներն արդեն 6-րդ օրն է՝ շարունակում են դասադուլը:
Ուսանողներից 5-ն այսօր, բացի դասադուլից, նաև հացադուլ են հայտարարել ԵՊՀ Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
Հացադուլ հայտարարած ուսանողները որոշել են այսօր գիշերել լսարանում։
Հիշեցնենք, որ ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը. հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Հանդիպումից հետո ուսանողների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար, շարունակելու են պայքարը:
«Այնուամենայնիվ, հիմնարար հարցերով համաձայնություն չեղավ: Կարեն Կարապետյանը մեզ խորհուրդ տվեց ներկայացնել առաջարկներ, որոնք կքննարկվեն օրենքի ընդունումից հետո», - հանդիպումից հետո ասել էր ուսանողներից Դավիթ Պետրոսյանը։
Ուրբաթ օրը ուսանողները բողոքի ակցիան շարունակվել էր ԱԺ դիմաց, որտեղ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկվեր օրինագիծը:
Հիշեցնենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը գիշերային արտահերթ նիստում չորս կողմ ձայնով դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին, որն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումնար նիստերի ժամանակ: