14/11/2017 10:44
ԱԺ քառօրյան մեկնարկեց. Շարմազանովը անջատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խոսափողները
ԱԺ նիստն այսօր մեկնարկեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների խոսափողների անջատմամբ։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները վարման կարգով ելույթում պահանջում էին ԱԺ նիստերի օրակարգում քննարկել նաև մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների հարկման հարցը, որը ՊԵԿ-ը բարձրացնում է՝ պատճառաբանելով, թե այսպիսով նպատակ ունի վերացնել ստվերը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այսպիսով ՊԵԿ-ը տեռոր է իրականացնում ձեռնարկատերերի նկատմամբ, որպեսզի մարդիկ մի կտոր հացից զրկվեն։
«Բյուջե եք ուզում լցնեք, տեղը ցույց ենք տալիս, բազմաթիվ մոնոպոլիստներ կան, գնացեք ստուգեք», - ասաց պատգամավորը։
էդուարդ Շարմազանովը կոչ արեց վարման կարգի ժամանակ մտքերի փոխանակման ձևաչափով ելույթ չունենալ՝ զգուշացնելով, որ եթե նորից նման ելույթներ լինեն, ինքը ստիպված կլինի անջատել խոսափողը։
Հաջորդը վարման կարգով ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, որ ավելի կարևոր խնդիր, քան մանր բիզնեսով զբաղվող քաղաքացիների պաշտպանությունը, այսօրվա օրակարգում չկա։
Շարմազանովը պահանջեց անջատել Գևորգ Պետրոսյանի խոսափողը, մինչդեռ պատգամավորը ու Նաիրա Զոհրաբյանը շարունակեցին խոսել տեղից՝ առանց բարձրախոս։
«Սիրելի բարեկամներ, հարգելի «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ, որ հարցն է կարևորը, որը չէ, ԱԺ խորհուրդն է որոշում։ Խորհրդի նիստի ժամանակ հաստատել ենք կարգն ու հաջորդականությունը։ Տիկին Զոհրաբյան, պարոն Պետրոսյանն առաջին անգամ է պատգամավոր, Դուք՝ առնվազն 11 տարվա։ Ինձնից լավ գիտեք կանոնակարգը, ինչի՞ եք ստիպում, որ էս մարդը, որը ձեր կողմից ընտրվել է կանոնակարգը պաշտպանելու համար, նիստը խախտումով վարի», - նշեց Շարմազանովը։
Վարման կարգով իր ելույթի ժամանակ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կոչ արեց Շարմազանովին այդքան երկար ելույթներ չունենալ ու կրկին խոսեց ձեռներեցների պրոբլեմների մասին, Շարմազանովը պահանջեց անջատել նրա խոսափողը։
Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ կոչ արեց կարևոր հարցը շոու չսարքել։