14/11/2017 16:42
Կառավարությունը տապալել է իր գործունեությունը. Նաիրա Զոհրաբյան
Այն, ինչ անում են պատկան մարմինները մանր ու միջին ձեռնարկատերերի նկատմամբ, բացարձակ անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով վերջին շրջանում խուսափում էր հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին գնահատականներ տալուց։
«Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա, բազմաթիվ մոնոպոլիստներ։ Գնացեք էդտեղ։ Կառավարությունը, որ տապալել է իր գործունեությունը, պետք է ճիշտ տեղը իմանա։ Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծված իրենց դղյակները, էնտեղ գնացեք ու էնտեղ տեսեք օրինախախտումներ, կոռուպցիա, չարաշահումներ և ոչ թե փորձեք իրենց մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող ձեռներեցների պայուսակները մտնել», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նկատենք, որ «գազի վրա, Մոնումենտում» դղյակների մասին Զոհրաբյանը ակնարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ով «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավարն էր ու Մոնումենտում մեծ առանձնատուն ունի։
Զոհրաբյանը իշխանություններին կոչ արեց լսել բողոքավոր առևտրակններին, չխախտել նրանց իրավունքները, հակառակ դեպքում «կառավարության ապաշնորհ գործունեութան հետևանքով նրանք կհամալրեն արտագաղթողների բանակը»։