14/11/2017 14:15
Վարչապետը չափազանց լավ տրամադրությամբ է այցելել Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի բացմանը
ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր պաշտոնապես բացվեց Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնը, որը միտված է խթանելու Կայուն զարգացման նպատակների իրագործումը Հայաստանում:
Պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նշեց, թե չափազանց լավ տրամադրությամբ է այցելել այս միջոցառմանը:
«Կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների շրջանակներում», - ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշեց, որ սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ որպես երկրում իրականացվող առանցքային բարեփոխումների մի մաս:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի բազմաթիվ խնդիրների լուծում տալը:
«Սա առաջին նմապատիպ կենտրոնն է, երբ պետությունը ՄԱԿ-ի հետ համատեղ ստեղծում է նորարարական մարմին», - նշեց Կ. Կարապետյանը:
Վարչապետն ասաց, որ Կայուն զարգացման նպատակները սերտորեն փոխկապակցված են Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, այդ թվում՝ այժմ մշակվող Հայաստանի 2030 զարգացման ռազմավարության ուղղություններին:
«Հաջորդ տարի հունիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք կայուն զարգացման գործընթացը, հույս ունեմ, որ մեր փորձը կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը և ինչպես կարելի է օգտագործել ոչ ստանդարտ մեթոդները՝ արդյունավետ լուծում գտնելու համար: Շատ բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով կատարված աշխատանքը», - ընդգծեց ՀՀ վարչապետը: