14/11/2017 13:43
Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծում երկրորդ ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացակայությունը։
«Պաշտպանության նախարարի բացակայությունը անհասկանալի է, մանավանդ առաջին ընթերցման ժամանակ, թույլ տվեք ասել, նրա ցինիկ եզրափակիչ խոսքից հետո», - ԱԺ ամբիոնից օրինագծի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց Ն.Փաշինյանը։
Պատգամավորն ասաց, թե օրինագծի առաջին ընթերցման քննարկման ժամանակ Վիգեն Սարգսյանը «այնպիսի բաներ է ասել, որ խաշած հավի ծիծաղը գալիս է»։
«Նա հայտարարում է՝ «ես՝ որպես քաղաքական գործիչ»։ Այ ժողովուրդ ջան, այս մարդը իր ամբողջ գործունեությունը անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում՝ ԱԺ նախագահի ընդունարանից դուրս է եկել, մտել է պաշտպանության նախարարի ընդունարան, այստեղից՝ նախագահի ընդունարան ու հիմի եկել, ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ։ Վերջին անգամ այս մարդը, որպես քաղաքական գործիչ, «ժիվոյ» քաղաքացի ե՞րբ է տեսել ։ Հիմա էլ եկել, ստեղ հոխորտում է», - ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե ինքը նույնպես ծառայել է այն սկզբունքով, ինչ առաջարկվում է օրենսդրական փոփոխություններով, Փաշինյանը նկատեց. «Վիգեն Սարգսյանը առաջարկում է, որ բոլոր զորակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերե՞նտ։ Վիգեն Սարգսյանը ինչպես իր քաղաքական գործունեությունը, այնպես էլ իր զինվորական ծառայությունը անց է կացրել որպես ռեֆերենտ։ Եվ թույլ տվեք ասել, որ եթե որևէ մեկը պատկերացնում է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար է, իրավիճակը լավ չի հասկանում։ Վիգեն Սարգսյանը այսօր էլ ռեֆերենտ է, ուղղակի աշխատում է պաշտպանության նախարարությունում, ընդամենը»։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ուժային երկու կառույցների ղեկավարները դուրս են եկել նախագահականից, որտեղ աշխատել են որպես ռեֆերենտ և իրավունք չունեն իրենց համարել քաղաքական գործիչներ։ «Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հաց ու պանիր պետք է ուտեք, իսկ ձեր նուրբ քիմքը, կարծում եմ, հաց ու պանրին չի դիմանա, «ժոգա» կստանաք ու կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք։ Ձեր նուրբ քիմքը կարմիր և սև իկռային ավելի սովոր է», - հայտարարեց Փաշինյանը։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց գործընկերներին իրենց մտքերը հանգիստ արտահայտել։
«Նույն տոնայնությամբ չեմ պատասխանի իմ գործընկերներին, բայց կցանկանայի ասել, որ այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամեաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է, և պատահական չէ, որ 2017 թ-ի ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը։ Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն», - ասաց Վահրամ Բաղդասարյանը: