14/11/2017 15:34
ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը` չնայած առկա տարաձայնություններին, ասված է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի և ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 13-ին Բելգրադում նրանց հանդիպման արդյունքների վերաբերյալ, փոխանցում է ТАСС-ը:
«Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը տարբեր հայեցակարգեր ունեն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ, բայց մենք կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ», - նշվում է հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում:
«Մինսկի համաձայնագրերին համապատասխան քաղաքական միջոցները անվտանգության ոլորտի միջոցառումների հետ զուգորդելու անհրաժեշտությունը միշտ էլ եղել է: Երկու կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է իմաստավորել այսօրվա քննարկումը և խորհել այդ խնդրի լուծման հետագա ուղիների շուրջ», - ասված է տեքստում: