14/11/2017 16:52
Շարժումն առաջին օրվանից քաղաքական է, իսկ ուղղորդվելու մասին կարծիքները` ծիծաղելի. Դավիթ Պետրոսյան
Օրենքի հիմքում չեն կարող ընկնել անձնական օրինակները, օրենքի հիմքում կարող է լինել միայն հետազոտությունը, որը չարվեց, այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, այսօրվանից հացադուլ հայտարարած ուսանող Դավիթ Պետրոսյանը:
«Հացադուլի որոշումը կայացվել է երեկ գիշերը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել` նախաձեռնության անդամների թիվն ամենափոքր հաշվարկներով այժմ գերազանցում է 400-ը և գլխավոր շարժումը տեղի է ունենում դրսում: Պետք է կենտրոնանալ այդ շարժման վրա ու հենց դրա համար էլ հիմա մեր ընկերները ԱԺ-ի դիմաց են: Հացադուլով մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, երբ մարդկանց ձայնը հաշվի չի առնվում, աղավաղվում է մարդու խոսքը», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նա ընդգծեց` շարժման ողջ ընթացքում իրենց հասցեին տրվել են տարատեսակ որակավորումներ, իրենց փորձել են ասոցացնել տարբեր մարդկանց հետ:
Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին` արդյոք շարժումը քաղաքական դաշտ բերելու ժամանկը չէ՞, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, որ պայքարն առաջին օրվանից էլ քաղաքական է:
«Օրինագծի դեմ սկսվել է պայքար, իսկ օրինագիծը քննարկվում է քաղաքական գլխավոր ատյանում` Ազգային ժողովում: Պայքարը քաղաքական է: Իսկ կուսակցականանալու կամ ուղղորդվելու հետ կապված մի քանի անգամ ասել ենք` սա ուսանողական շարժում է: Եթե ինչ-որ քաղաքական ուժ կամ պատգամավոր նշել է, որ մեզ հետ համաձայն է, ծիծաղելի է ասել, որ ինչ-որ մեկը մեզ ուղղորդում է», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուսանողական շարժման մասնակիցներից 5-ը փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում և հացադուլ հայտարարել: Դավիթ Պետրոսյանի խոսքով` նրանցից 4-ն արդեն իսկ ծառայել են Զինված ուժերում: