14/11/2017 13:47
Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է. Վահրամ Բաղդասարյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է գործընկերներին իրենց մտքերը հանգիստ արտահայտել։
«Նույն տոնայնությամբ չեմ պատասխանի իմ գործընկերներին, բայց կցանկանայի ասել, որ այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամեաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է, և պատահական չէ, որ 2017 թ-ի ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը։ Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն», - ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Վիգեն Սարգսյանին ուղղված ելույթին։
Վ.Բաղդասարյանն ընդգծեց, որ ՊՆ առաջարկած ծրագրերն ու փոփոխությունները ազգ-բանակ գաղափարախոսության տրամաբանական շարունակությունն են, իսկ դրանց դեմ ընդվզումները հրահրում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հզոր բանակ ունենալ։
Խոսելով տարկետման իրավունքի վերացման մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ վերջին 25 տարում տարկետման համար հայց ներկայացրածների 90-95 տոկոսը պատճառաբանել է, որ ատենախոսություն է պաշտպանելու։
«Վիճակագրությունը նայեք, քանի՞սն են դարձել գիտնականներ, ինչո՞վ ենք մենք վնաս կամ օգուտ տվել գիտությանը։ Հնարավորություն ունեցողները իրենց երեխաներին խցկում էին այդտեղ և նույնիսկ ես՝ որպես գիտության մարդ, ամաչում էի, որ այդ քննարկումներին և քվերակություններին մասնակցեմ, որտեղ պիտի ձեռք բարձրացնեի և այդ մարդկանց շնորհվեր գիտության թեկնածուի կոչում։ Այն մարդը, որը ջիղ ունի և Աստծո կողմից օժտված է գիտնական դառնալու, այս օրենքը որևէ ձևով նրան չի խանգարում և որևէ վնաս մեր գիտությանը ու կրթությանը չի տալիս», - եզրափակեց նա։