14/11/2017 14:39
Փաշինյանի հայտարարությունը ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է. Արտակ Զաքարյան
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՊՆ Վիգեն Սարգսյանի հասցեին ցինիզմ է որակում։
«Դա քննադատություն չէ, դա ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Զաքարյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը պնդել էր, որ Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ։
Հարցին, թե Փաշինյանը նաև հայտարարում է, որ բաց է մնում Վիգեն Սարգսյանի ծառայության հետ կապված հարցը՝ որտե՞ղ է նա ծառայություն անցել, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ լրագրողներն իրավունք ունեն դիմելու և պաշտոնապես ստանալու այդ հարցի պատասխանը:
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ չկան Վիգեն Սարգսյանի՝ բանակից ազատվելու հիմքերը, Զարքարյանը արձագանքեց. «Իմ ծառայության հիմքերն էլ չկան, որովհետև կարգն այդպես է, հինգ տարի հետո փաստաթղթերն արխիվացվում են ու ոչնչացվում: Ես էլ ծառայել եմ, բայց ոչ մեկդ չեք կարող գնալ, գտնել էն թղթերը, որ ես ծառայել եմ»:
Զաքարյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը ծառայություն է անցել Պաշտպանության նախարարությունում: Դիտարկմանը, որ նա առաջնագծում չի անցել ծառայության ու վիրավորվելու վտանգ չի ունեցել, Զաքարյանը պատասխանեց. «Ինչի՞ եք անպայման ուզում, որ բոլորը վիրավորվեն, անպայման տուժեն: Հիմա իմ բախտն էլ բերել է, որ չեմ վիրավորվել»: