15/11/2017 15:19
Ուսանողներն ու խորհրդարանը պայմանավորվել են կլոր սեղան անցկացնել տարկետման հարցը քննարկելու համար. դասադուլն ու հացադուլը դադարեցվում են
«Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վիճելի կետերը ուսանողների ու օրենսդիրների միջև կքննարկվեն կլոր սեղանի ֆորմատով` նոյեմբերի 22-ին, այս մասին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլ հայտարարած ուսանող Դավիթ Պետրոսյանը.
«Կարծում ենք` հիմա սա լավագույն տարբերակն է», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր և ուսանողների հանդիպմանը միացել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որի ընթացքում էլ կայացվել է կլոր սեղան անցկացնելու որոշումը:
«Կլոր սեղանի առաջարկն արվեց, որպեսզի մենք` որպես նախաձեռնության անդամներ, կարողանանք լսելի դարձնել բոլոր այն մարդկանց ձայնը, ովքեր այս հարցի հետ կապված ունեն մտահոգություններ` գիտնականները, մեր դասախոսները, քաղհասարակությունը: Կլոր սեղանի նպատակն է անցկացնել քննարկումներ, որպեսզի տարկետման խիստ սահմանափակման հետ կապված կատարենք փոփոխություններ», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նա կոչ արեց խնդրով հետաքրքրվող ու քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին դիմել նախաձեռնության անդամներին:
«Արա Բաբլոյանը նշեց` եթե մենք կարողանանք ապացուցել, որ օրենքը սխալ է, կկարողանանք դրա վրա ազդեցություն ունենալ: Բացի այդ, մեր խնդրանքին ընդառաջ գնացին այնքանով, որ պաշտոնապես ասվեց` այն ուսանողներն, ովքեր իրականացրել են դասադուլ համալսարանում` նրանց նկատմամբ որևէ ճնշումներ չեն իրականացվելու ինչպես նաև մենք պնդեցինք, որպեսզի ԱԺ-ում մեր նախաձեռնության հետ կապված հայտարարություններ անելիս բերվեն հնարավորինս փաստարկված տվյալներ, որպեսզի իրավիճակն իզուր չլարվի», - ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նա ընդգծեց` մինչև նոյեմբերի 22-ին կլոր սեղանի անցկացումը ուսանողները դադարեցնում են դասադուլի ու հացադուլի անցկացումը:
«Ինչ կլինի հետագայում` պարզ կլինի քննարկումից հետո», - ասաց ուսանողը: