16/11/2017 12:06
Ռուսաստանը Հայաստանին 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ կտա. Կառավարությունը հաստատեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամարդել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով», - նշեց Ա. Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել:
«Ունենք մեկ տեխնիկական խնդիր Կենտրոնական բանկի հետ ճշտելու, դա արագ կանենք», - ասաց պաշտպանության փոխնախարարը:
Արտակ Զաքարյանը ՀՀ վարչապետին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի: