16/11/2017 16:13
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ՌԴ համար առաջնահերթություն է. Մարիա Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի Դաշնության միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է, այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեզ համար այս հարցն առաջնայիններից է միջազգային օրակարգում, որովհետև խոսքը գնում է ոչ թե պարզապես մեր հարևանների մասին, այլ՝ ժողովուրդների, որոնց հետ մեզ կապում է ոչ միայն միջազգային փաստաթղթերի փաթեթ, այլև կապում է կյանքը, ճակատագիրը: Մենք հարյուրամյակներով ընդհանուր կյանք ենք ունեցել: Դրա համար մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթ է», - ասել է Մարիա Զախարովան:
Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանն, ըստ որի ԱՄՆ-ն, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Մինսկի խմբից կամ փոխի նրա կարգավիճակը` այդպիսով կփոխվի նաև ՄԽ ձևաչափը:
«Տեսականորեն, եթե մեկ համանախագահ պակասի, ապա ձևաչափը կփոխվի: Կլինի՞ այդպես կամ ի՞նչ պատճառներով կլինի, չեմ կարող ասել: Պետք է հարցնել ամերիկյան կողմին, Պետդեպին», - ասել է Մարիա Զախարովան: