16/11/2017 16:24
Հայաստանում աղքատությունը վերացնելու համար տարեկան պետք է 200 մլրդ դրամ. ՀՀԿ-ական պատգամավոր
Հայաստանում աղքատությունը կազմում է 30 տոկոս, և այն իսպառ վերացնելու համար տարեկան պետք է 200 մլրդ դրամ, այսօր խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Մեզ այսօր պետք է շուրջ 125 մլրդ դրամ փող, որ ուղիղ հասցնենք մեր աղքատ խավին, 30 տոկոսին, և նրանք բոլորն աղքատ չեն լինի, մենք կունենանք աղքատություն չունեցող երկիր: Պրակտիկան ասում է հետևյալը. որպեսզի 120 մլրդ փողը դու կարողանաս հասցնես հասարակությանը, պետք է այդքան էլ գումարես, ունենաս շուրջ 200 մլրդ փող, որպեսզի բոլոր օղակներից հասնի աղքատին: Մենք պետական բյուջեում նախատեսել ենք 40 մլրդ դրամ փող աղքատության վերացման համար», - հայտարարեց իշխանական խմբակցության պատգամավորը:
Ըստ Հակոբյանի՝ տարեկան Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները կազմում են 1.2-1.4 մլրդ դոլար: Այսինքն՝ 500-600 մլրդ դրամ փող մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորմամբ:
«Յուրաքանչյուր քաղաքացի այդ գումարն ստանում է իր հարազատից, եղբորից, քրոջից, բայց մեր աղքատությունը 30 տոկոս է: Դուք ձեզ հարց տվեք՝ լավ, եթե մեզ պետք է 200 մլրդ դրամ փող, որ Հայաստանում աղքատությունը վերանա, մեր հասարակությունը ստանում է 500 մլրդ դրամ փող, էդ աղքատությունն ինչի՞ ա մնում: Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ հսկողության մեխանիզմն է: Առաջինը՝ պետք է ունենալ ճիշտ պետություն, կառուցվածք բոլոր համակարգերով, սա համար մեկ խնդիրն է: Պետք է ունենալ ճիշտ պետական համակարգ, որը կլինի հասանելի և ընկալելի», - ասաց նա: