17/11/2017 11:49
1 միլիոն դոլարի ու 300 միլիոն դրամի ծավալով պարտատոմսեր. «Գլոբալ Կրեդիտ»-ն անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսեր կթողարկի
Նոյեմբերի 23-ին «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում:
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն շուրջ 8 տարի է գործունեություն է իրականացնում ֆինանսական շուկայում՝ հաճախորդներին մատուցելով ֆինանսական տարատեսակ ծառայություններ։
«Ներկա պարագայում կազմակերպությունում առկա է մոտ 15 հազար հաճախորդ, որոնց հետ ակտիվ աշխատանք է տարվում շատ երկար ժամնակ», - ասում է ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը։
Նրա խոսքով՝ 2015 թվականից վարկային կազմակերպությունն առաջինն է եղել, որ սկսել է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում։
Տնօրենն ընդգծում է՝ երկար տարիների արդյունքը ցույց է տվել, որ սա շատ արդյունավետ ու հետաքրքիր պրոդուկտ է, որը գրավել է և ֆիզիկական, և իրավաբանական անձանց։
«Մենք փորձելու ենք մեր հետագա աշխատանքները նույնպես կապել մեր պարտատոմսերի թողարկման հետ, իսկ ներգրավված դրամական միջոցները նույնպես ուղղելու ենք նորանոր վարկատեսակների ստեղծմանն ու նեդրմանը», - վստահեցնում է Լ. Իգրարյանը։
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանի խոսքով՝ կազմակերպության պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:
«Այս անգամ ևս, ինչպես 2015 ու 2016 թվականներին, մենք տեղաբաշխման ու թողարկումների գործառույթների կազմակերպումը վստահել ենք մեր վաղեմի գործընկեր «Ռենեսա» ներդրումային ընկերությանը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ հաջողությամբ է իրականացրել կազմակերպության պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը», - նշում է Ա. Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է իրականացնել 1 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է 7 տոկոս, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։
«1 դոլարային պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 դոլար, ընդհանուր թողարկման քանակը՝ 10 հազար հատ», - նշում է նա։
Ինչ վերաբերում է դրամային պարտատոմսերին՝ ապա այս տարի նախատեսվում է թողարկել 300 միլիոն հայկական դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 10 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 12 ամիս։
1 պարտատոմսի արժեքը կկազմի 10 հազար դրամ, իսկ ընդհանուր թողարկվող քանակը՝ 30 հազար հատ։
«Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանն էլ ընդգծում է ՝ ՀՀ կենտրոնական բանկն արդեն գրանցել է տեղաբաշխման ազդագիրն ու թողարկման թույլտվություն արդեն ստացել են։
«Աճուրդի հայտերի ընդունումը կսկսվի բորսայի բացվելուց հետո՝ ժամը 11։00-ին ու կտևի մինչև 13։30-ը, որից հետո կամփոփվեն արդյունքները, կկայացվի աճուրդն ու ժամը 15։00-ից հետո կիրականացվի վերջնահաշվարկը», - մանրամասնում է «Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։
Նրա խոսքով՝ տեղաբաշխումից որոշակի ժամանակ հետո նպատակ կա, որ պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում, որից հետո պարտատոմսերը կունենան մարկետմեյքեր։
«Ասինքն՝ յուրաքանչյուրօրյա գնանշում կիրականացվի մեր ընկերության կողմից, ինչպես նախորդ պարտատոմսերի դեպքում էր և նրանք, ովքեր ցանկություն կունենան գնելու՝ բորսայի անդամի միջոցով կարող են մասնակցել բորսայի համապատասխան կոորպորատիվ արժեթղթերի հարթակներում նշված պարտատոմսերի առքով կամ վաճառքով», - նշում է Վաղինակ Սարոյանը։
Վաղինակ Սարոյանն ասում է, որ 2017 թվակին մինչև սեպտեմբեր ամիսը շրջանառության մեջ եղել են «Գլոբալ-Կրեդիտ»-ի 2 դոլարային տրանշ՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն ծավալով և մեկ դրամային տրանշ՝ 200 միլիոն ընդհանուր ծավալով։
«Երբ երկրորդային շուկայի շրջանակներում նայում ենք ցուցանիշները, մինչև 2017 թվականի սեպտեմբերը եղել է 88 գործարք՝ մոտավորապես 1 միլիոն 200 հազար դոլարի արժողությամբ պարտատոմսերով, որը շրջանառության մեջ եղած պարտատոմսերի կեսից ավելին է», - ասում է նա։
Նրա խոսքով՝ դրամային մի փոքր քիչ ցուցանիշ կա. 21 գործարք՝ մոտ 60 միլիոն արժողությամբ։
«Ռենեսա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ընդգծում է՝ իրենց աշխատանքն ամբողջությամբ ուղղված է նրան, որ, առաջինը, հասարակ քաղաքացին հասկանա, որ սա այլընտրանքային ու ոչ ռիսկային ներդրում է ,երկրորդը, ապահովվում է, որ ցանկացած անձ՝ լինի դա իրավաբանական, թե ֆիզիկական, յուրաքանչյուր օր կարողանա, իհարկե, միջնորդավորված բորսայի անդամի հետ, գործարք կատարել այդ արժեթղթերով։
Նշենք նաև, որ ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «Գլոբար Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Ռենեսա» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են www.nasdaqomx.am ինտերնետային կայքում:
Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձինք պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման և սպասարկման համար: ՀԿԴ-ի օպերատորների ցանկը ներկայացված է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.cda.am:
Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաև ցանկացած բանկում իր անվամբ բացել դոլարային և դրամային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):