17/11/2017 15:57
«Բարձր կլասի համագործակցություն է». «Ծառուկյան» խմբակցության նախագծերը ԱԺ հանձնաժողովը ընդունեց
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր միձայն դրական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկներից մեկին`Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:
Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությամբ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են «բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստան ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 90-րդ օրը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
Նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա տեղեկացրեց, որ օրինագիծը երկար ժամանակ է՝ ներկայացնում են, բայց կառավարությունը մերժում է: Պատգամավորի խոսքով, այսօր տնտեսվարողների համար լավ ժամանակներ չեն և նրանք կարող են ժամանակ շահել ու գումար հայթայթել: «Ես հասկանում եմ, որ բյուջեի համար հեշտ չի լինելու, բայց ճիշտ էլ չի, որ մարդկանց զրկենք շրջանառու միջոցներից: Տնտեսվարողները պետությանը 8 միլիարդ դոլարի վարկ են տվել 20 տարվա ընթացքում», -նշեց Մելքումյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր վերաբերմունքն, ընդհանուր առմամբ, դրական է:
Բայց նաև նկատեց, որ կառավարությունը սկսում է սահմանի վրա ԱԱՀ-ն նվազեցնել, առայժմ փափուկ տարբերակով, բայց սպասվում են ավելի ռադիկալ քայլեր: Նրա խոսքով, այդ քայլերը նպաստում են գործարար միջավայրի բարելավմանը և գործարարների շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործմանը, հետևաբար խորհրդարանական մեծամասնության պատգամավորն առաջարկեց նախագիծը հետաձգել`քանի որ եկող տարվա բյուջեն ռիսկային է, կարող են խնդիրներ առաջանալ: Արդյունքում հանձնաժողովում համաձայնություն ձեռք բերվեց օրենքի կիրառումը սահմանել 2019 թվականից՝ նկատի ունենալով ռիսկայնության խնդիրը: Նախագիծն ընդունվեց միաձայն:
«Բարձր կլասի համագործակցություն է, շնորհակալություն»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:
Հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ նաև երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք այս խմբակցության մեկ այլ նախաձեռնություն՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Հիշեցնենք՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները առաջարկում են տնտեսվարող սուբյեկտին գերիշխող դիրք ունեցող համարել` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ: Եվ բացի այդ, առաջարկում են առևտրային ցանցը համարել գերիշխող դիրք ունեցող, եթե այն հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որի առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը: