17/11/2017 14:21
ԱԻՆ-ում մեկնարկում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:
«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018 թ.-ի մայիսին:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել և և տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու և տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:
Անդրադառնալով ծրագրի նպատակին՝ նախարար Տոնոյանն ընդգծել է տարատեսակ աղետների և դրանց ընթացքում անհրաժեշտ վարքականոնների մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությունը՝ որպես երկրի դիմակայունության բարձրացման կարևոր բաղադրիչ: